?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մարգարեն

Տեղադրում եմ ընկերներից մեկի կողմից գրված միֆիկական գրական էսսե հոգևոր թեմայով: 

Հանուն ողորմած և բարեգութ Աստծո

Հետաքրքիր տեղ է անապատը…

ժամանակին ասում էին, որ արդար սիրտ ունեցող աստվածապաշտ ու բարեպաշտ հավատացյալներն անապատում ճգնելով, ենթարկվելով մարմնի և անմահ հոգու զանազան փորձությունների, ապրում էին հոգու վերածնունդ, և Աստված նկատում էր նրանց:

Սինայի թերակղզին, մխրճված Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի արանքում, բազում-բազմաթիվ այդպիսի ճգնավորների է հանդիպել. Աստծո կամոք ապաստան է տվել արժանիներին և կործանել անարժաններին:

Սինայի այրող ավազների վրա, կիզիչ արևի տակ մահամերձ ընկած էր մի մարդ: Հագած պարզ սպիտակ զգեստ, դեմքն ու գլուխը պարուրած մաշված մոխրագույն կտորով, ձեռքերում ամուր սեղմած Աստվածաշունչը, իր վերջին շունչն էր արձակում նա` անտանելի ծարավից գտնվելով մղձավանջի մեջ:

Մարդը վայր էր ընկել իր ուղտի վրայից. նա տասնյակ օրեր արդեն ճգնում էր, խոսելով մերթ ինքն իր հետ, մերթ Աստծո հետ: Նա լսել էր… նրան ասել էին, որ Աստվածաշունչն է, որ բացում է Դրախտի դարպասները այն մարդու համար, ով արդար է ինքն իր ու Աստծո առջև:

Մի քիչ էլ, երկու կամ երեք ժամ էլ ու նա կմահանա և կիզիչ ավազը կդառնա նրա անանուն գերզմանը: Ծնողներից շուտ զրկված մի անգրագետ երիտասարդ` երեսունվեց տարին նոր-նոր բոլորած անհետ կորչում, մահանում էր անծայրածիր և դաժան անապատում:

Եվ հանկարծ, կամոքն Աստծո, նրան նկատեց անապատի այդ կողմով անցնող մեկ այլ ճգնավոր` տարիքն առած բարձրահասակ քահանա:

Նա հանգիստ նստեցրեց իր ուղտին, անշտապ մոտեցավ ավազի վրա ընկած մարդուն, ընդհանուր զննեց նրան ու, Աստվածաշունչը նկատելուն պես, հանեց իր կաշվե քսակից ինչ-որ հեղուկ ու խմեցրեց ծարավից ու կիզիչ արևից տանջահար եղածին: 

Մոտ երեք ժամ անց նա պառկած էր քահանայի կողմից հապճեպ պատրաստված անկողնում, քարանձավում: Այն գտնվում էր քարքարոտ, բուսականությունից զուրկ ժայռերի մեջ, որոնց էլ կից կառուցված էր ոչ շատ մեծ, թույլ պարսպապատված մի քրիստոնեական եկեղեցի:



  • Այո´, նա հաստատ կապրի, եղբա´յր: Սիրտն ու հավատքն ուժեղ են, - ասում էր երկար ու սպիտակ մորուսով ճգնավորը այն քահանային, որի շնորհիվ փրկվել էր երիտասարդը:
  • Տեսնես ինչքան ժամանակ է նա անց կացրել անապատում, - հանգիստ ձայնով հարցրեց երիտասարդին փրկողը, ով բարձրահասակ, խոշոռ աչքերով, փոքր-ինչ նիհար ու գունատ դեմքով, հեռավոր մենաստանի ճգնավոր էր: Նրա այդ ընդհանուր նիհարությունն ու խիստ հայացքն ավելի էր ընդգծում արծվի կտուց նմանեցվող քիթը:
  • Աստված գիտե, Սարգի´ս: Համենայն դեպս շատ քիչ էր մնացել նրան: Աստված է ուղարկել քեզ նրա մոտ… Եվ, ըստ երևույթի, պատահական չի ուղարկել, հաշվի առնելով այն, որ նա, կարծես թե անապատի ոչ իմաստասեր` Սեմի զարմից է, հագարացի է[1]: Եվ ձեռքին ուներ հայերեն լեզվով գրված մագաղաթե Կտակարան, - ժպիտը դեպքին պատասխանեց երկար մորուսով ճգնավորը:
  • Սարգիսը` ծալելով ձեռքերը հեռացավ քարանձավի այն կողմը, որտեղ խնամքով փորված քարախցի մեջ պահվում էին գրքեր:
  • Հագարացիների համար սպիտակամաշկ և բարձրահասակ է երևում, Հովհաննես, տեսնենք-տեսնենք, - քիչ անց, նայելով այդ գրքերին բարձրաձայն պատասխանեց նա:

Մյուս օրն առավոտյան, երբ Սարգիս քահանան, ինչպես միշտ, աղոթքից հետո խնամում էր կարծես թե անշունչ ու անսահման անապատի մեջտեղում ջրի շնորհիվ գոյացած բանջարանոցը, նրա մոտ վազեց երիտասարդ ճգնավոր Գրիգորը և ասաց.

- Արթնացել է...

Երբ նա հասավ իր անձավ-բնակարան, այնտեղ էր արդեն ժպտադեմ, երկար մորուսով ճգնավորը. նրանք միասին մտան ներս:

  • Աստծո օրհնությունը քեզ, երիտասա՛րդ, ով ես դու - ներս մտնելով արաբերենով հարցրեց Սարգիսը դեռևս պառկած, բայց տեսքի եկած փրկվածին:
  • Խաղաղություն ձեր տներին,  - պատասխանեց նա, - իմ անունը Մուհամեդ իբն Աբդուլլահ է, ծնվել եմ Մեքքայում: Ես մի խեղճ մարդ եմ: Որբ եմ եղել ողջ գիտակից կյանքս ու ապրել եմ հորեղբորս ընտանիքում: Երբ քսանչորս տարեկան էի, ծանոթացա մեր համայնքի Կուրայիշ ցեղի մի բարի, օրինավոր կնոջ հետ, որի անունն է Հադիջա բինտ Հուվայլիտ: Սկզբում ես նրա ուղտերն էի արածեցնում: Նա ամուրի, սակայն ունևոր կին էր, և ես մի օր նրանից գումար խնդրեցի, որպեսզի մեծ առևտրական նախաձեռնություն սկսեմ Դամասկոսում: Ինձ մոտ ամեն ինչ ստացվեց, ես մեծ գումարներ վաստակեցի: Վերադարձա հայրենի քաղաք ու կնության առա այդ կնոջը, որն ինձ համար շատ թանկ ու մտերիմ ընկեր է:
  • Իսկ դուք ո՞վքեր էք, - հարցրեց Մուհամեդը:
  • Ճգնավորներ, - հնչեց լակոնիկ պատասխան, և Սարգիս քահանան շարունակեց, - այդ դեպքում ինչպե՞ս հայտնվեցիր տնից հեռու Սինայի անապատում: Ամենևին էլ չի երևում, որ դու մոլորված առևտրական ես` ոչ գումար ունես, ոչ էլ ապրանք, փոխարենը` հայերեն Աստվածաշունչ:
  • Երբ ես Կահիրեում էի, իմ առևտրի գործով, հանդիպեցի մի հայ առևտրականի, որը խունկ ու զմուռս էր վաճառում: Անունը նրա Մելիքսեթ էր: Նա պատմում էր ինձ Աստծո օրենքների ու Աստծո արքայության մասին և ասում, որ իրական գանձերը երկնքում պիտի կուտակես, այլ ոչ երկրի վրա: Երկնքի գանձերն են իրականն ու մնայունը, իսկ կյանքը կարճ է և փողը ժամանակավոր: Այն կարող են գողանալ գողերը, այն կարող ես ծախսել կամ կորցնել, իսկ երկնային գանձերը քեզ են մնում հավետ: Հետո նա պատմում էր, որ մեր անապատային ցեղերը դատապարտված են դժոխքի, քանի որ չի հասել նրանց Աստծո խոսքը… Մի պահ Մուհամեդն ընկավ մտքերի մեջ, հետո հանկարծ ասաց, - փաստորեն, ստացվում է այնպես, որ իմ ծնողներն ու պապերը դժոխքի մեջ են և…
  • Իսկ ինչպե՞ս դու հայտնվեցիր անապատում ընկած, Աստվածաշունչը ձեռքիդ, - կրկին ընդհատելով հարցրեց նրան Սարգիսը:
  • Մելիքսեթը տվեց ինձ Աստվածաշունչը, ես ոչ գրել, ոչ էլ կարդալ գիտեմ, սակայն նրա ասելով, անապատում ճամփորդելիս կարող ես լսել սեփական հոգու ձայնը, որն էլ կպատմի Աստվածաշնչյան ճշմարտությունները: Հետո նա ասաց, որ եթե սիրտդ մաքուր է, ու դու ի սրտե ուզում ես իմանալ ճշմարտությունը, կտրիր Սինայը, գնա Մեքքա և չվախենաս, Աստված քեզ հետ կլինի:
  • Քանի՞ օր ես այսպես ճանապարհորդում, - հարցրեց երկար ու սպիտակ մորուսով ճգնավորը:
  • Երեսունութ օր, կարծում եմ…
  • Քառասուն… քառասուներորդ օրը ես գտա քեզ, Մուհամեդ, - հանկարծ մտախոհ ընդհատեց նրան Սարգիսը: - Պարզ է, - բացականչեց նա և առաջարկեց Մուհամեդին սնունդ և հանգիստ:

 Դուրս գալուց նա հանկարծ շրջվեց և հարցրեց Մուհամեդին, թե ինչ եղավ նրա առևտրային ապրանքների ու եկամուտի հետ, որոնք բերել կամ վաստակել էր Կահիրեում: Մուհամեդը, չսպասելով այդպիսի հարց, անակնկալի եկավ և շփոթվեց, հետո բարձրացրեց ամոթից իջեցրած աչքերն ու ցածր ձայնով պատասխանեց.

- Ես բաժանեցի իմ առևտրից եկած եկամուտը կարիքավորներին[2]:

  • Պարզ է, - քահանան ասաց այնպես, կարծես թե սպասում էր Մուհամեդից այդպիսի պատասխան, շրջվեց և ուզում էր հեռանալ… հանկարծ ետ շրջվեց և ասաց Մուհամեդին:
  • Մուհամե՛դ, եթե հետևես ինձ ու լսես իմ խոսքերին, ապա կդառնաս մեծ զորապետ, քո ազգի առաջնորդ ու օրենսդիր[3], - սա ասելուն պես հեռացավ` թողնելով Մուհամեդին զարմանքի մեջ:

Հաջորդ օրը` կեսօրին Մուհամեդը փոքր-ինչ դժվարությամբ արդեն զբոսնում էր մենաստանի տարածքում: Ճգնավորները այնքան էլ շատ չէին. ընդհամենը ինը հոգի էր ապրում այնտեղ: Նրանց թվում կաին երկու հույն, երկու ղփթացի և նույնիսկ մեկ պարսիկ, որը հեռացել էր իր զրադաշտական կրոնից և պատրաստվում էր մեկնելու հայրենիք` քարոզելու քրիստոնեություն: Մնացածը չորսը հայեր էին: Ղեկավար դիրքը զբաղեցնում էր Սարգիսը:

      Նա մոտեցավ արմավենու ծառին հենված և դեպի անապատը նայող Մուհամեդին ու հարցրեց.

  • Կարոտո՞ւմ ես տունը:
  • Այո, սակայն ես երեկ հասկացա, որ հնարավորություն ումեմ ձեզ մոտ ուսուցանելու, այդպես չէ՞:
  • Իրավացի ես, և քո հայտնվելն այստեղ Աստծո ծրագրերում մեծ նպատակ է հետապնդում: Կտեսնենք, թե ինչպես կդրսևորես քեզ, ըստ այդմ կհասկանանք քո հետագա ճակատագիրը: Պատմի՛ր ինձ մի քիչ Մեքքայի մասին. կուռքերին դեռ շարունակո՞ւմ են երկրպագել; հրեաներն ակտի՞վ են հուդայականության քարոզչության մեջ:
  • Հիմնականում Մեքքայի ցեղախմբերը շատ մասնատված են: Ոմանք աղոթում են Քաաբայի սրբազան տաճարում և հալածում են նրանց, ովքեր այցելում են Քաաբայից ոչ հեռու Զամզամի սրբազան աղբյուրը: Չնայած, հիմնականում բոլորը ժամանակ առ ժամանակ այցելում են Մեքքայի Աբրահամի տաճարը, որտեղ արդեն երկար ժամանակ է ինչ փորձում են հաստատվել հուդայական ռաբբիները: Մեզ ազգակից ցեղեր կան, որոնք արդեն հուդայականություն են ընդունել, - զզվանքով եզրափակեց Մուհամեդը:
  • Ի՞նչ է, չե՞ս սիրում հրեաներին, - հանգիստ հարցրեց Սարգիսը: 
  • Չգիտեմ, շատ չեմ շփվել: Ում հետ էլ որ շփվել եմ` անարժան մարդիկ են եղել: Վաշխառու հրեաները թալանեցին մեր ցեղերը… և երևի թե մի օր կցանկանան ողջ աշխարհը թալանել: Մելիքսեթը մի անգամ ասաց, որ իրենց սրբազան գիրքը Թորաթը վերափոխել կամ մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Թորաթով են հիմնավորում վաշխառության մենաշնորհը, զարմանալի է, թե ինչպես Հիսուս իրենց մեջից դուրս եկավ:
  • Վաշխառությունը մեղք է, Մուհամետ, - ասաց Սարգիսն ու շարունակեց.
  • Նրանք, ովքեր վաշխառուներ են, մահվանից հետո, դատաստանի ժամանակ վեր չեն կենում: Նրանք միայն վեր են կենում սատանայի հպումից` դիվահարների նման և չեն կարողանում պահպանել իրեց հավասարակշռությունը: Նրանք ասում են, թե առևտուրը վաշխառության նման է և դրանց միջև տարբերություն չկա: Այնինչ Աստված առևտուրը անպիղծ է համարել, իսկ վաշխառությունը` պիղծ: Աստված կործանում է վաշխառությունը և հավելում ազնվությունը, Մուհամեդ[4]:

Մուհամեդը շրջվեց դեմքով դեպի քահանա ու հարցրեց.

  • Դուք լսո՞ւմ եք Աստծո խոսքն ու հրամանները:

Նրա հայացքի մեջ Սարգիսը միարժամանակ անսահման հավատք, հույս և վախ կարդաց: Դա միայն հարց չէր, այլ կյանքում իր տեղը չգտնող, միշտ ինչ որ բան փնտրող երիտասարդի հայացք, որը օտար էր թե օտարների և թե յուրայինների մեջ:

  • Գնացինք Մուհամեդ, արի մտնենք եկեղեցի:

Եկեղեցում այդ ժամանակ հայերեն լեզվով ընթանում էր երեք հոգևորականների համատեղ ժամերգությունն ու աղոթքը. նրանք չէին երևում, միայն լսվում էր նրանց ձայնը: Հոգևորականները գտնվում էին գլխավոր սրահի ներգևի հարկում, որի մասին Մուհամեդը չգիտեր, սակայն նրանց հոգեցունց ձայնն ու ժայռափոր եկեղեցու հատուկ ազդեցիկ արձագանքը մի հիանալի երկնային զգացողություն էր ստեղծում: Դրան ավելանում էր այդ պահին արևի շողքերը, որոնք մտնում էին եկեղեցու պատուհաններից ու փոքրիկ խորշերից: Շողքերն այդ խորհդավոր պահին որպես վառ ապացույց հուշում էին, որ Աստված ամենուրեք է, և հոգիդ հանդարտվում ու միտքդ պայծառանում է:

Այդ հիասքանչ պահին ներս են մտնում Սարգիսն ու Մուհամեդը, որի վրա միանգամից տեսածն ու լսածը ահռելի տպավորություն է սկսում թողնել: Սարգիսը լուռ, գրեթե աննկատելի բարի ժպիտով հետևում է երիտասարդի վայրկյան առ վայրկյան զարգացող էմոցիոնալ հոգեվիճակը:

  • Հրեշտակների ձայնն եմ լսում ես, վարդապետ, - հանկարծ ոգևորված ասաց Մուհամեդը և շարունակեց, - Սովորեցրու ինձ աղոթել, խնդում եմ քեզ, ամբողջ կյանքս կնվիրեմ Աստծուն, միայն թե արժանի լինեմ Նրա ողորմությանը և գեթ մեկ անգամ լսեմ ձայնն ու կարգադրությունը նրա:
  • Մի՛ շտապիր, Մուհամեդ, - արդեն ավելի նկատելի ժպիտով պատասխանեց Սարգիսը, - ամեն ինչ կլինի, եթե անսահման հավատաս ու անձնանվեր ծառայես Աստծուն, հնազանդ լինես սրտով և հավատարիմ հոգով:

Որոշ ժամանակ անց նրանք դուրս եկան: Մուհամեդը դեռ անմոռանալի տպավորությունների մեջ էր, երբ Սարգիսը հարցրեց նրան իր ցեղակիցների մասին: Մուհամեդը, կարծես կիսաառհամարական տոնով ասաց, որ Մեքքայի տարածքում բնակվող ցեղերին ավելի շատ հետաքրքում են պատերազմներն ու թալանը, նոր ջրի աղբյուրնեն ու գեղեցկադեմ սպիտակամաշկ կանայք: Նրանք գրագետ չեն և ավելի շուտ հավատում են բիրտ ուժին ու նյութական հարստությանը, քան անշոշափելի բաների:

  • Ժամանակին անաստված պարսիկներից շատ հալածանքներ կրեցինք, ինչևէ մեր կուռքերն ավելի հավատքին արժանի են, քան նրանց քարոզած աստվածությունները, - ասեց Մուհամեդը և նրանք միասին քայլեցին դեպի այն արմավենին, որտեղ մոտ կես ժամ առաջ կանգնած էին:
  • Երբեք մի՛ մեղադրիր պարսիկների դավանանքը, քանի որ նրանք պաշտում են միակ Աստծուն: Ուղղակի դարաշրջանն է փոխվել և նրանց պաշտամունքային համակարգը նույնպես պիտի փոխվի: Հիշի՛ր, Մուհամե՛դ, աստվածային կրոններից յուրաքանչյուրի հետևորդները, որոնք իրենց ժամանակի ու ժամանակաշրջանում ըստ կրոնի հրամանի ու պարտականության են գործել` փրկված են[5]: Նույնը հրեաները, նույնը քրիստոնյաները, սակայն այն ինչ ասում էր Հիսուս Քրիստոսը շատ հոգևորականներ աղավաղված են փորձում մեկնաբանել, - եզրափակեց Սարգիսը:
  • Դե, դրա համար էլ հրեաներն ու հեթանոսները դաժանորեն սպանեցին Աստծո որդի Հիսուսին, դրանով իսկ հեռացան Աստծուց…
  • Դա այդքան էլ այդպես չէ, Մուհամե՛դ: Հիսուսը քո և մյուս մարդկանց պես, մարմին, ոսկորներ և արյուն ունեցող մարդ էր, ճիշտ է լավ ուսուցանված, ի բնե ընդունակ հատկանիշներով օժտված ու պատրաստված մարգարե էր: Այո, նա բարձր էր կանգնած մահկանացուներիցս, Աստծո ողորմությամբ Սուրբ հոգով էր օժտված, բայց ի վերջո մարդ էր, Մուհամեդ, հավատա, ես դա շատ լավ գիտեմ:
  • Որտեղից գիտես, վարդապետ:
  • Ես մի ազգի և մի հոգևորական համակարգի ներկայացուցիչ եմ, որը շատ ու շատ գիտելիքների է տիրապետում: Այն, ինչ շատ այլազգիներ գիտեն, բայց չեն բարձրաձայնում, քանի որ մեր` հայ հոգևորականությունն է դա գաղտնի պահում, և շատ ճիշտ են անում, ի դեպ: Հիսուսը, երբ դարձավ տասնհինգ տարեկան, բերվեց Հայաստան: Նա ուսուցանում էր մեզ մոտ երկար տարիներ և պետք է դառնար աշխարհի համար կարևոր մարգարե: Նա ուղարկվեց այնտեղ, որտեղ նաև հրեաներ էին բնակվում: Պետք է ուղարկվեր հենց այնտեղ` փոխվող դարաշրջանն էր դա պահանջում:
  • Բայց հրեաները ոչինչ չսովորեցին և հակադրվեցին նրան…
  • Խնդիրը հրեաներին ինչ որ բան սովորեցնելու մեջ չէր, Մուհամեդ, խնդիրը Աստվածային ուսումքների նորացված տեսքով տարածելն էր: Մեր հոգևորականները, դեռ անհիշելի ժամանակներից սկսած ժամանակ առ ժամանակ մարգարեներ էին ուղարկում աշխարհի չորս ծայրերը, այդ թվում նաև Իսրայելի ժողովրդի մոտ: Նույն Աբրահամը, օրինակ:
  • Ինչքա՞ն անհիշելի:
  • Շատ անհիշելի ժամանակներից, Մուհամե՛դ, օրինակ, երբ հրեաները Բաբելոնում էին ստրկության մեջ, մենք ուղարկեցինք մարգարեներ Հարութին ու Մարութին, որոնց սկզբում հրեաները հետևեցին: Պետք էր, որ նրանք սովորեին որոշ գաղտնի գիտելիքներ, պետք էր, որ դուրս չմնային մեր ծրագրերից և կազմեին դրանց որոշակի մասը: Հարութն ու Մարութը ուսուցանում էին այն ինչ նրանք ցանկանում էին, սակայն զգուշացվում էր, որ անհավատ չլինեն ու այդ գիտությունը չչարաշահեն, սակայն նրանք անում էին ճիշտ հակառակը` սովորում էին, որպեսզի վնասեին այլ մարդկանց, հանուն անձնական շահերի: Նրանք ոչ մի դեպքում չէին կարող առանց Աստծո թույլտվության որևէ մարդու վնաս հասցնել: Նրանք գիտելիքի այն մասերն էին սովորում, որ իրենց էր վնասում և ոչ մի արդյունք չէր տալիս, և եթե հրեաները հավատք ընծայեին և ողջախոհությամբ առաջնորդվեին` Աստծո մոտ եղած հատուցումը նրանց համար ավելի լավը կլիներ[6]:

Քիչ անց Սարգիսը շարունակեց, - մենք հրեաների որդիներից պայման վերցրինք և մարգարեներ ուղարկեցինք նրանց մոտ, սակայն երբ ինչ-որ մարգարե նրանց ցանկության դեմ վճիռ էր կայացնում, ոմանց մերժում և ոմանց էլ սպանում էին: Նրանք նույնիսկ վատ արարք կատարելու դեպքում միմյանց չէին նախատում, դրա համար էլ անիծվեցին Դավթի և Հիսուսի խոսքով[7]:

Մուհամեդը տարվեց իր մտքերի մեջ: Երկար ժամանակ ոչինչ չէր խոսում:

  • Փաստորեն, նրանք բոլորը քարոզում էին պարզ միադավանություն` մեկ Աստծո գոյություն, - ասաց նա:
  • Այո, և նույն Աբրահամը ոչ հրեա էր և ոչ էլ քրիստոնյա, այլ` արդար միադավան էր, և հնազանդ ու հպատակ էր և երբեք հեթանոսներից չէր:

Փոքր-ինչ մտածելուց հետո Մուհամեդը կրկին հարց տվեց, որն ավելի անձնական, քան կրոնական բնույթի էր:

  • Իսկ ինչո՞ւ ես դու այստեղ հայտնվել, վարդապե՛տ:

Սարգիսը խորամանկորեն կողքից հայացք գցեց Մուհամեդին, և պատասխանեց այնպես, որ Մուհամեդն էլ երբեք չանդրադառնա այդ հարցին.

 – Ես դեռ պետք է մնամ այստեղ… պետք է վաստակել թույլտվությունը… ճշմարիտ քահանա լինելու:

Հանկարծ Սարգիսը շրջվեց դեպի Մուհամեդն ու բարձր ձայնով ու խրատական տոնով ասաց նրան.

  • Հիշի՛ր, Մուհամե՛դ, որ երկինքների ու երկրի արքայությունը Աստծուն է պատկանում, և Աստված ամենակարող է: Եվ ով որևէ մարգարեի կամ որևէ բան կարգի Աստծուն համահավասար` հավերժ կայրվի դժոխքի կրակներում: Աստված գիտուն և իրազեկ է, և բոլորի մտադրություններից տեղյակ է:

Այսպես չորս տարի Մուհամեդը գտնվեց Սինայի անապատներում` մի փոքր ժայռակերտ մենաստանում: Նա սովորում էր մեծ պատասխանատվությամբ: Ուշադիր լսում էր Սարգիսի բոլոր կարգադրություններն ու զրույցները: Կարդում և արտագրում էր սրբազան գրքերն ու մեկնությունները, աղոթում էր Աստծուն:

Չորս տարի շարունակ նա ուսուցանվեց, սովորեց կարդալ Աստծո նշաններն ու հրամանները, ընկալեց Տիեզերական ճշմարտություններն ու վերածնվեց:

Նրա խնդրանքները Աստծուն, անձնվեր աշխատասիրությունը անարդյունք չմնացին և մի գեղեցիկ օր նա սկսեց ներշնչվել աստվածային ճշմարտություններով:

Շոգ օգոստոսն էր… լրացել էր Մուհամեդի քառասուն տարին: Նա սրտատրոփ սպասում էր հին կրոնական ավանդույթի` հատուկ աղոթքին առ Աստված, որը տևելու էր արևածագից մինչև մայրամուտ:

Ցայգալույցին սպիտակ կրոնական համազգեստ հագած, նա մտավ եկեղեցի և սկսեց աղոթքը: Արևի շողերը դանդաղորեն բարձրանում էին նրա վրայով և հասնելով նրա դեմքին կարծես ջերմորեն շոյում էին նրան: Նա ինքնամոռաց ու ջանասիրաբար աղոթում էր ողջ հոգով ու սրտով և հանկարծ, երբ հերթական անգամ խնդրեց Աստծուն, որ ցույց տա նրան ճշմարիտ ճանապարհը, լսվեց աստվածային ձայնը:

  • Մուհամե՜դ, Մուհամե՜դ, Մուհամե՜դ, վե´ր կաց և գնա´ քո երկիրը, մարգարեացի´ր, քարոզի´ր ճշմարիտ ճանապարհը, համախմբիր անապատաբնակներին: Այն, ինչ քո Տիրոջ կողմից քեզ հայտնությամբ ներշնչվել է և դեռ ներշնչվելու է` լիովին մարդկանց հասցրու, և եթե դա չկատարես` չես կատարել Նրա առաքելությունը: Աստված քեզ պահպանում է մարդկանց հավանական վտանգներից և Աստված չի առաջնորդում անհավատներին:

Մուհամե՜դ, Մուհամե՜դ, Մուհամե՜դ, ասա երկնային գրքի մարդկանց, որ նրանք ճշգրիտ ուսմունք չունեն, եթե ի կատար չածեն այն պատվիրանները Թորաթի, Աստվածաշնչի և այն ինչ Աստծո կողմից է նրանց իջեցվել: Նրանք, ովքեր միակ Աստծուն և Դատաստանի օրվան հավատք ընծայեն և բարեպաշտ արարքներով ապրեն` ոչ ահ կա նրանց և ոչ էլ կտրտմեն:

Մայրամուտից հետո Մուհամեդը ներկայացավ ինը ճգնավորներին.

  • Մուհամե՛դ, - ասաց կենտրոնում նստած Սարգիսը, - դու կատարեցիր քո վերջին աղոթքն այստեղ: Ինչ որ լսեց քո հոգին, կամ տեսավ քո սիրտը` քոնն է հավետ: Մենք մարգարեներ ուղարկեցինք դեպի այն ժողովուրդները, որոնք քեզանից առաջ են եղել, և երբ ընդդիմացան այդ մարգերեներին` նրանք դաժանության, տանջանքի և տառապանքի երթարկվեցին, թերևս արթնանան և ճշմարտության դեմ խոնարհվեն ու հանձնվեն:
  • Այդուհանդերձ մի՛ անհանստացիր, - շարունակեց նրան մյուս հայ հոգևորական, երկար մորուսով և ժպտադեմ Հովհաննեսը, - քեզանից առաջ մի խումբ մարգարեների հեգնել են, սակայն ի վերջո այն, ինչ հեգնում էին, նրանց օձիքը բռնեց, և աստվածային չարչարանքը նրանց վրա իջավ:
  • Հիշի´ր Մուհամեդ, - ասաց Գրիգոր քահանան, - Աստված մարգարեներին միայն որպես ավետիս տվող և սպառնացող է ուղարկում, նրանք, ովքեր հավատք ընծայեն, իրենց բարեփոխեն` կփրկվեն: Մարգարեն, բացի աստվածային պատգամը հաղորդելուց, այլ պարտականություն չունի և մարդկանց արարքների պատասխանատուն չէ[8]:
  • Մուհամե´դ, բոլոր մտքերն ու խոսքերը ճշմարտությամբ քեզ ներշնչվել է և դու կհաստատես նախկին գրքերը և Աստծո ողորմությամբ կգրվի նոր գիրք` Ղուրանը, որի մեջ կլինեն բոլոր սրբազան խոսքերն ու աստվածային հրամանները և այդ գիրքը կլինի նախկին բոլոր գրքերի պահապանն ու հսկիչը:
  • Մուհամե´դ, - շարունակեց Հովհաննես քահանան, - դու կմերժվես և կհալածվես հարազատների կողմից, սակայն չտրտմես: Հիշի´ր, քեզանից առաջ էլ մարգարեները մերժվել են և մերժումների դիմաց տոկացել ու համբերել են և այս ճանապարհին ճնշվել են այնքան ժամանակ, մինչ Աստծո աջակցությունը նրանց է հասել: Դու ևս այդպիսին եղիր: Եվ սա աստվածային ավանդույթներից է և ոչինչ չի կարող Աստծո ավանդույթները փոխել[9]: Եվ հիշիր, Աստված համբերատարների և դիմադրողների հետ է:

Եզրափակիչ խոսքը նրանցից մեծին ու իմաստունին` Սարգիսին էր տրված, որն էլ ասաց Մուհամեդին.

  • Հոգ մի տանիր Մուհամեդ, մի մտահոգվիր, թե ինչպես կամ ինչ պիտի խոսես մարդկանց առջև, քանի որ այդ ժամին, քեզ ի վերուստ կտրվի այն ինչ պիտի ասես: Քանի որ ոչ թե դու ես, որ այդ պահին պիտի խոսես, այլ Աստված, որ պիտի խոսի քո միջոցով:

Մուհամեդը պարկելուն պես միանգամից չքնեց: Նա գիտակցում էր իր վրա դրված մեծ պատասխանատվությունն ու պարտականությունը: «Կստացվի արդյո՞ք», «Արդյո՞ք ճիշտ ես ընտրել ինձ, Տեր»: Եվ չնկատեց, թե ինչպես քնեց:

Նա քայլում է մշուշի մեջ, ինչ որ ճահճուտներով… - որտե՞ղ եմ ես, Տեր երազ է սա, թե՞ իրականություն, - մեկ էլ հանկարծ Մուհամեդը լսեց իրեն անծանոթ տղամարդկային, բայց միևնույն ժամանակ շատ հարազատ մի ձայն, - Որդիս, Մուհամեդ, ես այստեղ եմ.

Մշուշը ցրվեց, և Մուհամեդը հասկացավ իր առջև կանգնած մարդու իսկությունը:

  • Հայր, այս դու ե՞ս… բայց ինչպե՞ս… Հայր, ներիր ինձ, իսկ եթե ես չկարողանամ անել այն, ինչ Աստված նախագծել է իմ վերաբերյալ: Իսկ եթե ես արժանի չլինեմ:
  • Ամեն ինչ ճիշտ է, Մուհամեդ, չվախենաս: Եվ հիշիր, Աստված ոչ մեկին իր կարողության չափից ավելին չի հանձնարարում:
  • Մուհամե՜դ, - աչքերը բացելուն պես իր առջև տեսավ Գրիգոր քահանային:
  • Շուտով կլուսանա: Ես մեկնում եմ Մեքքա, և ինձ կարգադրված է պատրաստել ևս մեկ ուղտ քո համար:

Մեկ ժամ անց Մուհամեդն ու Գրիգորը հաղթահարում էին Սինայի քարքարոտ հատվածն ու մոտենում էին ավազային անապատին: Մուհամեդը հանգիստ էր և վստահ: Նա ուներ բավականաչափ գիտելիք, ապավինում էր Աստծուն և լիովին վստահում էր նրա նշաններին. Նա Աստծո մարգարե էր, որը գնում էր լուսավորեր իր ցեղակիցների մշուշոտ հոգիները:

Շարունակելի

Էդուարդ Աբրահամյան



[1] Ըստ աստվածաշնչական զրույցի Հագարը եգիպտացի աղախին էր: Զավակ ունենալու համար, տրվեց Աբրահամին իբրև հարճ: Ասում էին թե նրանից ծնվածներից են առաջացել արաբները, դրա համար արաբները կոչվել են նաև հագարացիներ: Տես` Կիրակոս Գանձակեցի, Հայոց Պատմություն, էջ 53.

[2] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Բաղրեհ», այաթ 267.

[3] Թովմա Արծրունի, Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Արծրունյաց տան, էջ …

[4] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Բաղրեհ», այաթ 275.

[5] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Բաղրեհ», այաթ 62.

[6] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Բաղրեհ», այաթ 102.

[7] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Մաէդե», այաթ 78.

[8] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Մաէդե», այաթ 99.

[9] Սուրբ Ղուրան, սուրահ «Ալ-Անամ», այաթ 34.




Latest Month

September 2013
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner